Ռեստորանի վերածված ճաշարանը պատրա՞ստ է կերակրելու խրամատում կռվող զինվորին
12.05.2020 | 01:00
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ բանակում սննդի մատակարարման նոր ծրագրերից սպայական կազմն օգտվու՞մ է, թե՞ ոչ: Ի պատասխան վարչապետն ասաց.
«Ոչ, սպայակազմն անվճար սննդից չի օգտվում: Նրանք աշխատող են, աշխատավարձ են ստանում: Սպայական կազմն անվճար չի սնվում այնպես, ինչպես չեն սնվում պատգամավորները, ուսուցիչները, ոստիկանները: Այլ բան է, երբ զորամասեր կան, որ սննդի մատակարարումն այնպես են կազմակերպում, որ դրա վաճառքը սպաներին հնարավորինս էժան լինի»:
Խիստ ցավալի է, երբ Փաշինյանի համար սպան ու պատգամավորը նույն հարթության վրա են: Այո, նրանց բոլորի առաքելությունն ի բարօրություն պետության աշխատելն է, ինչի դիմաց վարձատրվում են, բայց երկրի առաջին դեմքը գոնե լավ պետք է իմանա սպայի ու մյուսների աշխատանքի տարբերությունը: Ի տարբերություն կյանքն ամեն պահի վտանգի ենթարկող սպաների՝ պատգամավորներից ո՞ր մեկն է երազում երեխային ամուր գրկելու ու տաք անկողնում քնելու մասին: Հավասարության նշան դնելն ու արդարացնելը, թե սպան աշխատավարձ է ստանում, հետևաբար՝ ինքն էլ պետք է հոգա իր սննդի մասին, արդարացի չէ: Խնդրի մասին «Իրատեսը» դեռ ամիսներ առաջ էր գրել, ընդգծել էինք, որ սպաներին նույնպես զորամասերում ճաշելու հնարավորություն պետք է տալ:
Մեզ հետ զրույցում, սակայն, բոլորովին հակառակ տեսակետ հայտնեց ռազմական ոլորտի մասնագետներից մեկը. «Իհարկե, հրաշալի է, որ զինվորը լավ է սնվում, բայց ինքներս մեզ հարց տվե՞լ ենք, թե ռազմական պայմանների համար վերապատրաստում անցած քանի խոհարար ունենք, որ պատրաստ է կերակրելու պատերազմող բանակի խրամատում կռվող զինվորին: Բանակում այժմ գործող «ռեստորանները» կարո՞ղ են ապահովել մարտի դաշտում կռվող տղաների սնունդը, չգիտեմ, վստահ չեմ: Դա նույն բանն է, որ սառը ջուրը կտրելու հաշվին տաք ջուր տան ինձ, ու դա այն դեպքում, երբ սառն ավելի կարևոր է: Բանակում զինվորին պետք է սովորեցնել պատերազմի ժամանակ ողջ մնալու արվեստը, իսկ դա ռեստորանային խոհանոցով չեն սովորեցնում, այլ դաշտային ճաշարանով։ Ծառայության ժամանակ ինչքան քիչ հաճոյանաս զինվորի ծնողին՝ ռեստորան-ճաշարաններով ու նմանատիպ այլ նորամուծություններ անելով, այնքան մեծ է հավանականությունը, որ պատերազմից հետո մեր որդիները ողջ-առողջ տուն կվերադառնան»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ